Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելու Ադրբեջանի փորձերը

Բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելու Ադրբեջանի փորձերը
06.02.2009 | 00:00

ԱԼԻԵՎԻ ԿԼԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼ ՄԻՆՉԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ԿԵՍԸ
Բազմավեկտոր քաղաքականություն իրականացնելու գաղափարները բավական ժողովրդականություն են վայելում ադրբեջանական հասարակության մեջ և քաղաքական դասակարգի շրջանակներում, քանի որ համարվում է, թե արտաքին քաղաքականությունը բավականաչափ դիվերսիֆիկացված չէ։ Ադրբեջանական քաղաքական դասակարգը շատ մտահոգ է Վրաստանի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության արդյունքներով, քանի որ Թբիլիսին որդեգրել է միանշանակ արևմտամետ և ոչ միայն արևմտամետ, այլև ատլանտյան կողմնորոշում, ինչը հանգեցրել է կոշտ հակադրության Ռուսաստանի հետ։ Ադրբեջանական հասարակությունն անթույլատրելի է համարում թեկուզ անուղղակիորեն ընդունել, որ Հայաստանը ևս ունի ինչ-որ հաջողություններ, բայց միաժամանակ Բաքվում համոզված են, որ Երևանին որոշակի չափով հաջողվել է ձևավորել իր արտաքին առաջնահերթությունները և ավելի կամ պակաս հաջողությամբ իրագործել արտաքին քաղաքականություն։ Ադրբեջանական քաղաքական գործիչների մի մասը համարում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բազմավեկտորությունն ընդամենը քարոզչական հնարք է, իսկ իրականում Երևանը Մոսկվայի վասալն է, մյուս բոլոր արտաքին քաղաքական հարաբերությունները Հայաստանի համար նպատակ ունեն չեզոքացնելու Արևմուտքից եկող վտանգները։ Բայց միաժամանակ Բաքվում նստող քաղաքական փորձագետները կարծում են, որ ղարաբաղյան հարցում ստեղծված իրադրությունը միանգամայն համոզիչ կերպով ապացուցում է, որ Հայաստանն ընդունակ է հավասարակշռելու իր հարաբերություններն առաջատար ուժային կենտրոնների միջև։
Խնդիրն այն է, որ «բազմավեկտոր քաղաքականություն» հասկացությունն առայժմ ամբողջությամբ բացահայտված չէ և դժվար է ընկալվում անգամ ակտիվ քաղաքականության մեջ գտնվող գործիչների կողմից։ Կա վարկած, որ բազմավեկտոր քաղաքականությունը սկզբունքորեն հնարավոր է միայն տնտեսության և պետության պաշտպանունակության բավարար մակարդակի դեպքում։ Եվ թեկուզ այդ ամենն այդքան հստակ ձևակերպված չէ, գաղափարն ինքնին շատ գրավիչ է Հարավային Կովկասի պետությունների համար։ Որոշ քաղաքական հրապարակումներից և Ադրբեջանի կողմից միջազգային ասպարեզում իրականացվող կոնկրետ քայլերից ելնելով` կարելի է պնդել, որ ադրբեջանական ղեկավարությունը համոզված է, որ եթե Հարավային Կովկասում որևէ պետություն կարող է իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, ապա դա կարող է լինել միայն Ադրբեջանը` որպես ռեսուրսային առումով ամենաապահովված երկիր։ Կան որոշ նախանշաններ, որ Ադրբեջանում արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը դիտարկվում է ոչ միայն ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից անկախ լինելու միջոց, այլև նույնիսկ Թուրքիայից, քանի որ ադրբեջանական էլիտան մտահոգություններ ունի` կապված անատոլիական տնտեսական և քաղաքական էլիտաների հետ` անկախ սերտ դաշնակցային հարաբերություններից։
Թբիլիսիում ու Երևանում էլ հասկացել են, որ Ադրբեջանն ունի անվտանգության այլ իրական երաշխիքներ` օգտվելով Թուրքիայի տոտալ աջակցությունից։ Ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ Հայաստանն այդպիսի «ազգակից» գործընկեր չունեն։ Հենց Թուրքիայի աջակցությունն է թույլ տալիս Ադրբեջանին` իրականացնելու արտաքին քաղաքական մանևրներ, ավելի կամ պակաս հաջողությամբ աշխատանք տանել առաջատար պետությունների հետ։ Գտնվելով ավելի նախընտրելի արտաքին քաղաքական և ներքաղաքական իրավիճակում, տիրապետելով անհամեմատ ավելի մեծ տնտեսական ռեսուրսների, ունենալով ավելի մեծ բանակ, օգտվելով Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունից` Ադրբեջանը միջազգային ասպարեզում վարում է «ճոճանակի և շանտաժի» քաղաքականություն։ Օրինակ, երկար ժամանակահատվածի կտրվածքով նախկին նախագահ Հեյդար Ալիևի ներկայացուցիչները Մոսկվայում բավական հաջողությամբ իրագործում էին այդ քաղաքականությունը` ադրբեջանական շահերի լոբբինգի շրջանակում ընդգրկելով ռուսական դեմոկրատներին, կոմունիստներին կամ էլ հայրենասերներին։ Բավական է նշել, որ տարբեր ժամանակներում, իսկ երբեմն զուգահեռ, ադրբեջանական շահերի լոբբինգը Մոսկվայում իրականացրել են Գ. Յավլինսկին, Վ. Լուկինը, Բ. Նեմցովը, Վ. Իլյուխինը, Ա. Պրոխանովը, Ա. Լուկյանովը, Ս. Բաբուրինը, Դ. Ռագոզինը։ Միջազգային ասպարեզում Բաքուն մշտապես փորձում է շանտաժի ենթարկել իր գլխավոր գործընկերներ ԱՄՆ-ին ու Թուրքիային այն «փաստարկով», թե հնարավոր է Ադրբեջանի վերակողմնորոշում կամ մերձեցում Ռուսաստանի ու Իրանի հետ։ Թեկուզ և այդ փորձերը երբեմն անլուրջ են ու թատերական բաղադրիչով, բայց այդ քայլերն Ադրբեջանը ձեռնարկում է ինքնուրույն։ Այն դեպքում, երբ, ասենք, Վրաստանը վերջին ժամանակներս Իրանի հետ հարաբերությունները կառուցում է բացառապես ԱՄՆ-ի խորհրդատվությունների պարագայում, իսկ Հայաստանը չի դիմում մանևրների, այլ փորձում է կառուցել երկարատև հարաբերություններ։
Այսինքն` ստացվում է, որ Ադրբեջանն ազատության ավելի մեծ աստիճան ունի։ Իլհամ Ալիևի այցն Իրան նպատակ ուներ ցույց տալու ամերիկացիներին հենց այդ մանևրի հնարավորությունը, որը, իբր, ունի Ադրբեջանը։ Այդ այցով Ադրբեջանի նախագահը, անշուշտ, փորձում էր ինչ-որ չափով տարածաշրջանում մեկուսացնել Հայաստանին։ Իլհամ Ալիևի այս մարտավարությունը շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղում ռազմական կոնֆլիկտի հնարավորությունը հասկանալու համար։ Հանդիսանալով արևելյան տիպի պրագմատիկ քաղաքական գործչի «դասական» օրինակ, ով պետությունը և հասարակությունը կառավարում է կլանային մեթոդով, Իլհամ Ալիևը երբեք վտանգի տակ չի դնում այդ կլանային ռեժիմի գոյությունը, իր ընտանիքի քաղաքական ապագան և հավանական հետնորդներին, նույնիսկ եթե դա լինի Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու գնով։ Լեռնային Ղարաբաղը որոշակիորեն կարևորագույն քաղաքական լծակ է Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության մեջ։ Բացի այդ, Ղարաբաղի վերադարձը կնշանակեր իր դիրքերն անվերադարձ կորցրած ղարաբաղաշուշիական ադրբեջանական կլանի վերակենդանացման հնարավորություն, իսկ այդ կլանը խորհրդային ժամանակներում անմրցելի էր քաղաքական և գաղափարախոսական ազդեցության առումով, ընդհուպ մինչև 1969 թվականը։ Իլհամ Ալիևի նպատակն է մի քանի տասնամյակի կտրվածքով ապահովել իր ընտանիքի կառավարումը և նրա վերահսկողությունը Կասպից ծովի նավթային ռեսուրսների վրա։ Այս նախադրյալից ելնելով էլ, որն անփոփոխ հետևողականությամբ իրագործվել է Հեյդար Ալիևի ժամանակներից սկսած, պետք է դիտարկել Ադրբեջանում քաղաքական գործընթացների զարգացումը։
Ներկայումս կան նախադրյալներ, որ Ի. Ալիևը որոշում է ընդունել երկարաձգել իր կլանի իշխանությունը մինչև 21-րդ դարի կեսը և իբրև հետնորդներ է դիտարկում իր կնոջը, քրոջ ամուսնուն կամ էլ զարմիկներից մեկին։ Ժողովրդականություն ունենալով հանդերձ, ներկա նախագահը չի կարող հույս ունենալ, որ ընտրությունները լեգիտիմ կճանաչվեն առանց Արևմուտքի հավանության։ Ալիևների կլանի համար ստեղծվել է միանգամայն նպաստավոր արտաքին քաղաքական իրադրություն։ Լիարժեք երաշխիքներ կան Թուրքիայի աջակցության առումով, ինչը նշանակում է, որ Անկարան այլևս կհրաժարվի պաշտպանելուց Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլիին կամ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարին։ Թեկուզ և ԱՄՆ-ը նախագահի թեկնածուների շարքում դիտարկում է նրանց, ովքեր կապված են ամերիկյան և բրիտանական շահերի հետ` Իսա Ղամբարին, Էհթիբար Մամեդովին և Ռասուլ Ղուլիևին։ Եվ թեպետ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը գործնականում հռչակել է, որ իր երկիրն աջակցում է Ի. Ալիևին, բայց դա պարտավորեցնող բնույթ չունի։ Ներկայումս պարզվել է, որ հեռանկարում ամերիկացիների կողմից պաշտպանվող թեկնածուներ կարող են դառնալ Ադրբեջանի անկախության կուսակցության առաջնորդ, Արևմուտքում և հատկապես Եվրոպայում հեղինակություն ունեցող Էհթիբար Մամեդովը, Իսա Ղամբարը, բայց ոչ Ռասուլ Ղուլիևը։ Այդպիսին է քաղաքական վտարանդիների ճակատագիրը թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում։
Էհթիբար Մամեդովն ամենահեղինակավոր քաղաքական գործիչն է Ադրբեջանում, բարձր վարկանիշ ունի Արևմուտքում։ Սակայն Ի. Ալիևի համար կարևոր հանգամանք է այն վստահությունը, որ Հայաստանի ու ԼՂՀ-ի կողմից ապահովված կլինի կոռեկտ վերաբերմունքն իր անձի ու կլանի նկատմամբ` այն ամբողջ գործընթացում, երբ խնդիր առաջանա անգամ իր որդուն նախագահի պաշտոնին նստեցնելու։ Տարածաշրջանում շատերն են համոզված, որ այդ հարցում պայմանավորվածություններ են եղել Ի. Ալիևի ու Ռ. Քոչարյանի միջև, թեկուզ և դա ֆանտաստիկ է հնչում։ Հավանաբար, առկա է Հեյդար Ալիևի պրագմատիզմի ֆենոմենի ժառանգական պատկերացումը։ Արդեն նրա մահից 2-3 տարի հետո Ի. Ալիևն ու իր թիմը կարողացան ոչ միայն ապահովել ԱՄՆ-ի և Եվրամիության լոյալությունը, այլև հասնել նոր նախագահի անձի աջակցությանը Վաշինգտոնի կողմից։ Չնայած Կոնգրեսի ու հասարակական կառույցների արած քննադատությանը, ԱՄՆ-ի վարչակազմը, ինչպես երբեք, աջակցեց Ի. Ալիևին 2003-ի աշնանային նախագահական ընտրություններում, 2005-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրությունների երկրորդ փորձի ընթացքում։ Միաժամանակ, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, արձագանքելով ղարաբաղյան խնդրի հետ կապված Ադրբեջանի նախագահի պահանջներին, իրավիճակի իրենց գնահատականը ձևակերպեցին հետևյալ կերպ. ոչ թե Ադրբեջանն է Արևմուտքին ծառայություններ մատուցում էներգետիկայի ոլորտում, այլ Արևմուտքն է Ադրբեջանին հնարավորություն տվել այդ ճանապարհով զարգացնելու տնտեսությունը։ Այսպիսի ձևակերպումը ներկայացվել է բավականին կոշտ ձևով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ժամանակ, 2005-2008 թվականներին։ Այս հակասական իրադարձություններն ու գործընթացները զգալի ազդեցություն թողեցին ադրբեջանական ղեկավարության ու քաղաքական դասակարգի հայացքների վրա։ Երկրի ղեկավարությունը հասկացավ, որ ինքն ունի «վստահության» զգալի կրեդիտ Արևմուտքում, թեկուզ և խոսքը վերաբերում է ոչ այնքան բուն վստահությանը, որքան երկրում ստեղծված իրավիճակը «սվաղելուն», և դա հնարավորություն է տալու բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու։
Հենց այդ իրողությունից ելնելով` Ի. Ալիևը որոշեց բարեկամական կեցվածք որդեգրել Ռուսաստանի նկատմամբ և ընդգծված բարեկամաբար էր պահում իրեն ԱՊՀ-ի մոսկովյան վերջին գագաթաժողովում, ինչպես նաև Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ 2006-ի աշնանը Բրյուսել այցելելուց հետո նա կարողացավ պաշտպանական և էներգետիկ բնույթի որոշ հարցերում համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Միաժամանակ Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահն անսպասելի հայտարարություն արեց այն մասին, որ նավթի արտահանման «հյուսիսային ուղղությունը» Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով շատ կարևոր է։ Ի. Ալիևին ու նրա կլանին անհրաժեշտ է խաղաղություն, նույնիսկ ոչ մեծ ռազմական կոնֆլիկտների բացառում առնվազն ընթացիկ տարվա կտրվածքով։ Ադրբեջանի խաղաղ գոյակցության գաղափարը պետք է զուգահեռվի նախագահի անվան, քաղաքականության հետ մինչև նրա լիազորությունների ավարտը։ Այս իրողության հաստատման համար լուրջ հիմքեր կան, քանի որ Ադրբեջանը լիովին ընդունել է ամերիկա-թուրքական դոկտրինը` Հարավային Կովկասում էթնոքաղաքական խնդիրների լուծումն ապահովել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ներթափանցման ճանապարհով։ Դրա դիմաց էլ Ադրբեջանի նախագահը ստացավ Արևմուտքի աջակցությունը երկրորդ ժամկետով առաջադրվելիս։ Կառավարող ադրբեջանական վերնախավն ու նույնիսկ ընդդիմության դաշտից շատ քաղաքական գործիչներ գործնականում այլևս հրաժարվել են ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծումից։ Հակամարտության «սառեցման» կողմնակից են նաև լոկալ կլանների ներկայացուցիչ շատ գործարարներ, Բաքվի քաղաքային բնակչության այն շրջանակները, որոնք ընդգրկված են նավթային ծրագրերի մեջ։ Պատերազմի հեռանկարի բացառման կարևորագույն գործոն են նավթագազային խոշոր ծրագրերը։ Հասարակական գիտակցության մեջ նույնիսկ Տրանսկասպյան գազամուղի նախագծի հաջող իրականացումն արդեն իսկ պայմանավորվում է Ղարաբաղի նկատմամբ ուժային քայլերից հրաժարվելով։ Ադրբեջանի քաղաքական շրջանակներում չեն կարող չհասկանալ ռազմական գործողությունների անհամատեղելիությունն այդպիսի ծրագրերի հետ։ Մանավանդ որ ներկայումս ամերիկացիներն ու եվրոպացիները ղարաբաղյան հիմնախնդիրը դիտում են սկզբունքորեն անլուծելի, և էներգետիկ ծրագրերի իրագործման ժամկետներն այլևս չեն պայմանավորում այս հիմնախնդրի կարգավորմամբ։ Բաքվում դա հասկացել էին արդեն 1998-ին, և Ադրբեջանը սկսել է ավելի մեծ նշանակություն տալ Ղարաբաղը «մեռյալ գոտու» վերածելու քաղաքականությանը, որպեսզի հայկական բնակչության կենսագործունեությունն այնտեղ դառնա անհնարին։ Դեռ 1996-ին այդ նպատակով ստեղծվել է հատուկ փաստաթուղթ, Բաքուն ձեռք է բերում մեծ քանակությամբ դիվերսիոն բնույթի սարքավորումներ, զենք, նախապատրաստում հատուկ ջոկատներ։ ԼՂՀ-ում դրանց վնասազերծման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Կան հիմքեր պնդելու, որ այս գաղափարը թուրքական հատուկ ծառայություններին է պատկանում, որոնք միգուցե անմիջական մասնակցություն ունեն այդ նախաձեռնություններին։ Սակայն նավթագազային ծրագրերի ընդլայնումն Ադրբեջանին հարկադրում է աստիճանաբար հետ կանգնել նաև այդ քաղաքականությունից։ Տարբեր գնահատականներով այս հարցում լուրջ դեր է ունեցել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից կիրառվող ճնշումը, որոնք մտահոգ են կոմունիկացիաների անվտանգությամբ։
Ադրբեջանում երկու դիրքորոշում է ձևավորվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի մասնակցության առումով։ Ի. Ալիևի կառավարող կլանը շահագրգիռ չէ ռազմական գործողությունների վերսկսմամբ ու իր քաղաքականությունը կառուցելու է ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ծրագրերին համապատասխան։ Այդ մոտեցումը հնարավորություն է տալիս արդարանալ հասարակության ու ընդդիմության առջև հիմնախնդիրն ուժային ճանապարհով չլուծելու առումով։ Մյուս դիրքորոշումը պաշտպանում է արմատական և թուրքամետ ընդդիմությունը, ի դեմս Ադրբեջանի ժողովրդական ճակատ, «Մուսավաթ» և մի քանի այլ կուսակցությունների, որոնք հնարավոր են համարում ՆԱՏՕ-ի կողմից գործողության իրականացումը Ղարաբաղում, եթե Բաքուն այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրի։ Այդքանով հանդերձ, ընդդիմության առաջնորդները հասկանում են, որ արևմտյան կառույցներում Ադրբեջանի ինտեգրացիայի այսօրվա ոչ բարձր տեմպերի դեպքում այս տարբերակն այդպես էլ մնալու է զուտ տեսական ցանկություն։ Այդ իսկ պատճառով արմատական ընդդիմությունը համարում է, որ պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ղարաբաղյան ճակատում խաղարկեն հարավսլավական սցենարը։
Այս պայմաններում առկա է մի շատ հետաքրքիր միտում Ադրբեջանի ղեկավարության մեջ ուժերի հավասարակշռության առումով։ Ուժեղանում են գեներալիտետի և ամենից առաջ այն սպաների դիրքերը, ովքեր ժամանակին մասնակցել են ղարաբաղյան պատերազմին։ Կան կարծիքներ, որ Ի. Ալիևը հարկադրված է գնում իշխանության մեջ «ռազմական խմբակցության» ուժեղացմանը, որպեսզի իր համար ևս մի հենարան ապահովի իշխանության համար մղվող հետագա պայքարում։ Կան կարծիքներ, որ վերոնշյալ սպաները, Թուրքիայում վերապատրաստում անցած լինելով, ինչ-որ իմաստով թուրքական դրածոներ են, ինչը միանգամայն տրամաբանական է` հաշվի առնելով ընդհանուր միտումները։ Բայց, այսպես թե այնպես, ղարաբաղյան խնդիրն ու դրա կարգավորման գործընթացը չեն հանգեցրել տարաձայնությունների խորացման ադրբեջանական հասարակության մեջ։ Ճիշտ հակառակը, այն դարձել է յուրօրինակ հրապարակ արտաքին քաղաքականության ավելի խոր ընկալման և դրա բազմավեկտորության ապահովման համար։ Ադրբեջանական քաղաքական դասակարգն այժմ արտաքին քաղաքականության ոլորտում համախմբվելու միակամություն է դրսևորում։ Խնդիրն այն է, թե որքանով Ադրբեջանը կկարողանա իրագործել բազմավեկտորության սկզբունքը, որքանով երկիրն ունի նման արտաքին քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ ազատության աստիճան։ Պակաս կարևոր չէ նաև, թե ինչպիսին են Ադրբեջանի քաղաքական առաջնահերթությունները, նրա հարաբերությունների հիերարխիան ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան տերությունների հետ։ Ընդ որում, եթե արևմտյան «բևեռում» ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է, ապա դա պարզ չէ արևելյան «բևեռում» ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի դերի առումով, որոնք փորձում են համատեղ հանդես գալ առնվազն եվրասիական քաղաքականության մեջ։ Անհասկանալի է մնում, թե ինչպիսին պետք է լինի Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն Իրանի և իսլամական այլ երկրների նկատմամբ։ Այսինքն` միաժամանակ կա ընկալում, որ բազմավեկտորությունը կարող է մնալ լոկ կարգախոս, եթե որոշակի պահի Ադրբեջանը հարկադրված լինի անտեսելու Թուրքիայի շահերը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3457

Մեկնաբանություններ